Պատերազմը կարող է ավարտվել միայն Ուկրաինայի պայմաններով. Պոդոլյակ

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել միայն Ուկրաինայի պայմաններով, ինչը նշանակում է, որ զավթիչները պետք է լքեն մեր պետության ողջ տարածքը։ Այս մասին Համաուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

«Այլ կերպ չի կարող ավարտվել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, քան Ուկրաինայի պայմաններով: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է լքի Ուկրաինայի ամբողջ տարածքը: Ուկրաինայի ողջ տարածքը պետք է լինի ուկրաինական և միայն ուկրաինական», ասել է նա:

Նրա խոսքով՝ օկուպացված տարածքներում ռուսների ոչ մի հանրաքվե չի դադարեցնի ռազմական գործողությունները։ «Ցանկացած շինծու հանրաքվե կամ իրավական այլ ձևաչափեր, որ Ռուսաստանը կարող է առաջարկել այս տարածքներում, իմաստ չունի: Բոլորն այսօր հասկանում են և կհասկանան, որ սա ուղղակի օտար տարածքի բռնակցում է: Հետևաբար, պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածքները չեն ազատագրվել, եւ դրանք երբեք որեւէ մեկի կողմից ռուսական չեն ճանաչվի», ասել է նա։

(Visited 18 times, 1 visits today)