Տարվա տաք եղանակներին ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումները ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք եղանակներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:

Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով:

Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը և բազմացմանը: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Հատկանշական է, որ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք հիմնականում պայամանավորված են սննդային գործոնով, այդ թվում` դեպքեր են արձանագրվել հանրային սննդի և մանկական նախադպրոցական կազմակերպություններում:

Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.

. լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,

· մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե,

· սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,

· շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

· խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

մի՛ օգտագործեք կասկածելի ջուր (համը և հոտը փոխված, պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործե՛ք միայն եռացնելուց հետո կամ խմե՛ք շշալցված ջուր,

ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

· մի՛ լողացեք լողալու համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ,

· աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։

(Visited 20 times, 1 visits today)