Քրիստոս ծնավ և հայտնեցավ , Մեզ և Ձեզ մեծ ավետիս . Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի

Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին սկսում է նշել Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության (Մկրտության) տոները, որը հինգ տաղավար տոներից է։ Նախկինում եկեղեցին Սուրբ ծննդյան ու Մկրտության տոները նշում էր միասին, բայց Արտեմոնը դեկտեմբերի 25-ը Քրիստոսի Ծննդյան տոն հռչակեց, իսկ հունվարի 6-ը` Մկրտության:

Հնագույն ավանդությանն ու ավետարանական հաշվարկներին հավատարիմ մնաց միայն Հայ առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Սուրբ Ծննդյան օրն իրար ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս» խոսքերով, որոնց պատասխանն է. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Հայերը Սուրբ ծնունդն և Աստվածահայտնությունը սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան, երբ ժամը 17։00-ի ժամերգությունից հետո եկեղեցական օրը փոխվում է, շարունակում են տոնել հունվարի 6-ին։

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ։ Այդ օրն երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, ինչն աստվածային լույս ու եկեղեցու օրհնություն է խորհրդանշում։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսը։

(Visited 38 times, 1 visits today)