Դատավորն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Հայաստանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց արգելել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը մեկնի Հայաստանից:

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստում Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացնել, որ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, վերացվի: Երկրորդ միջնորդությամբ փաստաբանները դատարանին խնդրել էին, որ Արմեն Գևորգյանին թույլատրեն ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից: Այս երկու միջնորդություններն էլ դատարանն այսօր մերժել է:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը երեկվա նիստում ասել էր, որ խնդրում են հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ Արմեն Գևորգյանին  թույլատրել ՀՀ-ից բացակայել՝ արտերկրում բուժզննում անցնելու համար: Ըստ փաստաբանի՝ Արմեն Գևորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում:

Իր հերթին Արմեն Գևորգյանը հավելել էր, որ Ավստրիայի կլինիկաներից մեկում սրտի անոթների հետ կապված բուժզննում պետք է անցնի:

Հիշեցնենք, որ Արմեն Գևրոգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար:

Ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլատրել լքել Հայաստանը՝ Գերմանիա բուժզննման մեկնելու առիթով:

https://www.lragir.am/

(Visited 29 times, 1 visits today)