Հանկարծակիի եկա, երբ վարչապետի պաշտոնակատարն աղերսում էր ճանապարհ․․Ինչո՞ւ մինչև այսօր չեն ձերբակալվել ու չեն գերեվարվել Ադրբեջանի զինված ուժերի այն խմբերը, որոնք ներխուժել են Հայաստանի տարածք..Եթե Հայաստանն ինքը չի նախաձեռնում այդպիսի քայլեր, ապա մնացած պետությունների կողմից մենք չպետք է ակնկալենք….

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

Տիկին Ալավերդյան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրումը ի՞նչ ազդեցություն է ունենում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքի տեսակետից, ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր զեկույցը, որը վերաբերում է հենց սահմանամերձ կոնկրետ գյուղերում ու տարածքներում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին։ Ընդ որում, մի քանի իրավունք արդեն նշվել է, դա կյանքի իրավունքն է, ազատ տեղաշարժվելու, անձնական անվտանգության և ազատության իրավունքներն են՝ սահմանված Եվրոպական կոնվենցիայով։ Առանձին նշվել է նաև երեխաների իրավունքների մասին։ Այս նյութն ուղարկվելու է այն բոլոր միջազգային մարմիններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով։

Իմ կողմից կան առաջարկություններ, որ այդ զեկույցը պետք է ներկայացվի կառավարությունում, քննարկվի ոչ թե դրա բովանդակությունը, այլ դա պետք է ընկալվի որպես գործիք, որը պետք է գործադիր իշխանության կողմից օգտագործվի ամենատարբեր հարթակներում ու հաստատություններում։ Ես նաև առաջարկում են Ազգային ժողովում անել լսումներ, ընդունել գործողությունների ծրագիր։ Եվ բոլոր քաղաքական հարթակներում այդ բոլոր նյութերը պետք է ներկայացնել մեկ նպատակով՝ հասնելու նրան, որ պատժելիության սկզբունքը վերջապես տարածվի հանցագործություններ գործող Ադրբեջանի վրա։ Դա շատ կարևոր հանգրվան է, որովհետև այդ նյութը ոչ թե նկարագրական է, այլ դա իրոք փաստահավաք խմբի բարձր որակով արված զեկույց է՝ միջազգային պայմաններին համապատասխանող։

Ես ինքս պետք է հնչեցնեմ հարցեր, որպես ՀՀ քաղաքացի՝ ես պահանջատիրությամբ եմ հանդես գալիս։ Ինչո՞ւ մինչև այսօր չեն ձերբակալվել ու չեն գերեվարվել Ադրբեջանի զինված ուժերի այն խմբերը, որոնք ներխուժել են Հայաստանի տարածք։ Ինչո՞ւ եմ ես այս հարցը դնում, սա հռետորական հարց չէ։ Խնդիրն այն է, որ պետությունը, տվյալ դեպքում Հայաստանը՝ հանձինս իր իշխանությունների, այդ հարցը չի բարձրացնում ամենաբարձր մակարդակներում․ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովները, ԵԱՀԿ-ն։ Եթե Հայաստանն ինքը չի նախաձեռնում այդպիսի քայլեր, ապա մնացած պետությունների կողմից մենք չպետք է ակնկալենք որևէ արձագանք, որովհետև պետությունը պետք է հնչեցնի իր՝ վտանգված լինելու մասին, վտանգի աստիճանը ներկայացնի։ Հակառակ դեպքում, եթե դա անի մեկ այլ պետություն կամ հաստատություն, դա կարող է մեկնաբանվել որպես ներքին գործերին խառնվելու, միջամտելու փորձ։

Ես չեմ մտնում քննարկումների մեջ՝ Ռուսաստանն է մեղավոր, թե այլ երկիր, ես հստակ պահանջատեր եմ իմ երկրի իշխանությունների նկատմամբ։ Մենք պետք է հստակեցնենք ՀՀ դիրքորոշումը։ Կառավարության երեկվա նիստը լսելով՝ ես հանկարծակիի եկա, երբ վարչապետի պաշտոնակատարն աղերսում էր ճանապարհ և փորձում էր դա ներկայացնել որպես հաղթանակ։ Ես այստեղ շատ վատ ուղերձ եմ տեսնում։ Այն դեպքում են կոմունիկացիաները բացվում, երբ պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները հաստատվում են ոչ միայն պայմանագրերով, այլ գործողություններով։

Այն դեպքում, երբ մեկ պետությունը ոչ միայն գործողություններ է իրականացնում, որը վտանգում է մեր տարածքային ամբողջականությունը, այլև հայտարարություններով է հանդես գալիս, որտեղ արտահայտում է իր տարածքային նկրտումները, այստեղ աղերսել ճանապարհ և փորձել դա ներկայացնել որպես հաղթանակ, որ նրանք ուզում էին միջանցք, մենք հաղթեցինք, դա, կներեք, մեծ կասկածներ է ինձ մոտ առաջացնում։ Արդյոք ճի՞շտ են հասկանում մեր իշխանությունները ազգային շահը։ Հայաստանի և Արցախի վերաբերյալ մենք տեսնում ենք միասնական թուրք-ադրբեջանական միության քաղաքականություն։

Շատ է հնչում այս օրերին հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Ես չեմ կարծում, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք գիտեն ավելի քիչ, քան ես։ Ես չեմ կարծում, որ նրանք չեն տեսնում, որ սրանք ոչ թե առանձին-առանձին դրվագներ են, այլ մեկ շղթայի տրամաբանական քայլեր են։ Այստեղ երկու բան կարող է լինել, որ արդեն հասկանում են, որ Թուրքիայի կեցվածքը վտանգում է ոչ միայն տարածաշրջանը, մասնավորապես, Հայաստանը, այլև Եվրոպան։ Եվ այս առումով կարելի է տեսնել աշխուժացում։ Բացի դրանից, մենք տեսանք, որ և ԱՄՆ-ն, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարություններով։ Այդ հայտարարությունների մեջ շատ հետաքրքիր պահեր կան, եթե դրանք ճիշտ ենք մեկնաբանում։ Այն է՝ Մինսկի խումբը ցանկանում է իր մանդատը տարածել ոչ միայն զուտ Արցախի հարցի վրա, այլ նաև շատ ավելի լայն՝ տարածաշրջանում եղած այս իրավիճակի վրա։

Իմ մյուս հարցն այն է, որ երբ Ադրբեջանը ակտիվացրել է այնպիսի խնդիրներ, ինչպիսին է փախստականների վերադարձը ոչ միայն իրեն չպատկանող Արցախի Հանրապետության տարածք, այլև Հայաստան, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հայկական կողմը չի հնչեցնում Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի բռնի տեղահանման խնդիրը։ Ես չեմ հասկանում՝ ո՞ւր է մեր պահանջատիրությունը։ Նրանց բոլորի իրավունքները, այդ թվում՝ վերադառնալու իրավունքը պետությունն այսօր չի բարձրացնում, էլ ի՞նչ է բանակցում։ Այդ բոլորը մնում է սեղանի վրա, բայց սեղանի վրա այն ժամանակ է մնում, երբ կա պետություն, որը դնում է սեղանի վրա։ Ես չգիտեմ Հայաստանում մի հարթակ, որտեղ այդ հարցերը բարձրացվում են։ Ավելին, Հայաստանում չկա մի պետական մարմին, որն իր անվան մեջ ունենա «փախստական» կամ «բռնի տեղահանված» խոսքերը։

(Visited 157 times, 1 visits today)