Աշխարհն այդ որոշումը ճանաչել է, դրա համաձայն՝ Արցախը, Գարդմանքը, Նախիջևանը և Կարսը, Արևմտյան Հայաստանի տարածքները ՀՀ մաս են կազմում

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը

Պարոն Գասպարյան, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի հարցի հիմքում այսօր դրվում են անվտանգության երաշխիքներն ու արցախահայերի իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

ՄԱԿ-ի կանոնադրության երկու հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամենևին իրար հակասող, իրարամերժ սկզբունքներ չեն։ Այլ հարց է, որ որոշ քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր կամ նույնիսկ որոշ երկրներ փորձում են դա ներկայացնել այդպես, բայց դա անում են՝ նենգափոխելով իրականությունը՝ սեփական կամ պետական նեղ շահերն առաջ տանելու համար։ Իրականությունն այն է, որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է երկրի արտաքին սահմաններին։

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը վերաբերում է այն ժողովուրդներին, որոնք այս կամ այն պետության ներսում ենթարկվում են հալածանքների, հետապնդումների և էկզիստենցիալ վտանգի, որի պատճառով տվյալ պետության ներսում այդ ժողովրդի գոյությունը վտանգված է, դառնում է անհնարին։ Եվ այդ ժողովուրդներն իրավունք են ստանում անջատվել՝ փրկության նպատակով։ Առաջին հայացքից թվում է, թե այս թեզն իրոք համապատասխանում է արցախահայության եղած վիճակին և իրավունքներին ու շահերին։

Բայց խնդիրը դետալների մեջ է։ Այստեղ դետալը հենց այն է, որ ինքնորոշվել կարող են այն ժողովուրդները, որոնք տվյալ պետության կազմում հայտնվել են օրինական ճանապարհով։ Սա շատ կարևոր է, որը մենք 30 տարի կամ չենք հասկացել, կամ չենք ուզել հասկանալ, կամ մեզ դիտավորյալ շեղել են այդ սկզբունքից։ Երեսուն տարի շարունակ մեր վզին փաթաթվել է Արցախի հարցի կարգավորման տրամաբանությունը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Բայց դա արվել է Կրեմլի կողմից՝ չարամտորեն, հանցավոր դիտավորությամբ՝ խնդիրը չլուծելու և խնդրի լծակներն իրենց ձեռքը պահելու միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը վերահսկելու համար։

Մինչդեռ, ի սկզբանե արցախահայությունը չէր կարող ինքնորոշվել և դուրս գալ Ադրբեջանի կազմից, որովհետև Արցախը հայտնվել է Ադրբեջանում օկուպացիայի և անեքսիայի հետևանքով։ Ինչպե՞ս կարող է ստրուկը ինքնորոշվել, դուրս գալ վանդակից, չէ՞ որ նա այդ վանդակում հայտնվել է բռնության հետևանքով։ Հետևաբար, ստրուկը ոչ թե պետք է ինքնորոշվի, այլ պետք է մտածի ազատագրվելու մասին։ Նույնը վերաբերում է Հայաստանին։ 1991 թվականի Հայաստանի անկախության հանրաքվեի փաստն ինչ-որ չափով լեգիտիմացրեց Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմի մեջ հայտնվելու փաստը։ Հայաստանը և Արցախը 1920 թվականին ենթարկվել են ագրեսիայի՝ դրան հետևած օկուպացիայով ու անեքսիայով։ Բռնակցված երկիրն ու ժողովուրդը չի կարող ինքնորոշվել, դա անտրամաբանական է, բռնակցված երկիրն ու ժողովուրդը կարող են միայն մղել ազգային ազատագրական պայքար և հռչակել անկախությունը վերականգնելու ու դեօկուպացիայի մասին։

1991 թվականին Հայաստանը ոչ թե պետք է հանրաքվեով դուրս գար ԽՍՀՄ-ից, այլ հռչակեր դեօկուպացիայի և Առաջին Հանրապետության վերականգնման մասին, որից արդեն կբխեր նաև Արցախի հարցի լուծումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման տրամաբանության համապատասխան, որը հիմնված է Ազգերի Լիգայի լեգիտիմ որոշման վրա։ Սա ամենակարևոր հարցն է, որը մենք միշտ անտեսել ենք չիմացության պատճառով կամ մեզ դիտավորյալ շեղել են այդ ճանապարհից։ Եվ հենց այս դետալի մեջ են թաղված Հայաստանի ու Արցախի բոլոր խնդիրները։

Եվ հիմա խնդիրներն ավելի՞ են խորանում, ի՞նչ պետք է անել։

Այո։ Արցախի հարցի լուծումը դա տարածքային խնդիր է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր է։ Իսկ արցախահայությունը չի կարող ինքնորոշվել այն պարզ պատճառով, որ Ադրբեջանում հայտնվել է օկուպացիայի հետևանով։ Այն բոլոր մարդիկ, ուժերը, կուսակցությունները, ովքեր պնդում են, որ Արցախի հարցը պիտի լուծվի ժողովուրդների ինքնորոշման հիման վրա, կամա թե ակամա, դիտավորյալ կամ տգիտության հետևանքով մեզ շեղում են հարցի լուծման իրական ճանապարհից։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դելիմիտացիան Արցախի հարցի հետ կապ չունի, բայց եթե դելիմիտացիա անենք, սահմանը ճանաչենք, հաջորդ օրն Ադրբեջանն ասելու է՝ վերջ, Արցախի հարց չկա, որովհետև դրանով արդեն ճանաչել ես Արցախի լինելն Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում կարող են խոսել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակի մասին՝ մշակութային կամ այլ ինքնավարություն։ Իսկ եթե դու ասում ես, որ խախտվել է իմ տարածքային ամբողջականությունը, և ագրեսիայի հետևանքով Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, և հիմա ես պահանջում եմ դեօկուպացիա, աշխարհը քեզ կհասկանա։ Ամբողջ աշխարհը հիմա պայքարում է Ուկրաինայի, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Եվ երբ մենք ասում ենք՝ Ուկրաինայի ու մեր շահերը չեն համընկնում, որովհետև Ղրիմն ինքնորոշվել է, Ղրիմը չի ինքնորոշվել, բռնակցվել է, նույնն էլ Դոնբասը, Օսիան ու Աբխազիան։ Հայաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի խնդիրը մեկն է՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը։

Ժողովուրդներն ընդհանրապես չեն կարող անվերջ ինքնորոշվել, ցանկացած ժողովուրդ մեկ անգամ է ինքնորոշվում։ Ընդ որում, ժողովուրդն է ինքնորոշվում, ոչ թե ժողովրդի մեկ հատվածը՝ արցախահայությունը, սյունիքցիները կամ շիրակցիները։ Հայ ժողովուրդն ինքնորոշվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ հռչակելով Հայաստանի անկախ պետականությունը։ Իսկ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը հայ ժողովրդի ինքնորոշումը ճանաչել են և հաստատել Ազգերի Լիգայի որոշմամբ և Վիլսոնյան իրավարար վճռով։ Այն, որ այդ որոշումները, ցավոք սրտի, կյանքի չեն կոչվել ռուս-թուրքական ագրեսիայի, օկուպացիայի ու անեքսիայի հետևանքով, ամենևին չի նշանակում, որ այդ որոշումներն օրինական չեն։ Դրանք ոչ միայն չեն չեղարկվել, այլ նաև վաղեմության ժամկետ չունեցող որոշումներ են, որոնք վաղ թե ուշ անպայման պիտի կյանքի կոչվեն։ Հետևաբար, հայ ժողովուրդն ինքնորոշվել է, և աշխարհն այդ որոշումը ճանաչել է, դրա համաձայն՝ Արցախը, Գարդմանքը, Նախիջևանը և Կարսը, Արևմտյան Հայաստանի տարածքները ՀՀ մաս են կազմում։

https://www.lragir.am/

(Visited 19 times, 2 visits today)